Need any help? Contact Us

ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ



Հայկական ձեռագիր մատյանների ուսումնասիրության ընդունված եղանակ է դրանց հետազոտումն ըստ ստեղծման վայրերի՝ գրչության կենտրոնների, քանի որ միևնույն տեղում պատրաստված լինելով, դրանք ունեն գրչության և մանրանկարչության որոշակի ընդհանրություններ, փոխլրացնող տվյալներ և այլն: Միջնադարյան Հայաստանի վանքերի մասին գրելիս իրենց գործերում դրանց ձեռագրական ժառանգությանն անդրադարձել են Ղևոնդ Ալիշանը, Համազասպ Ոսկյանը, Գարեգին կթղ. Հովսեփյանը և ուրիշներ, սակայն գրչության կենտրոնների նպատակային ուսումնասիրությունը` որպես հայագիտության մի ուղղություն, զարգացել է հատկապես 1960-70-ական թվականներին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի նախաձեռնությամբ: 1970-ական թվականներին կազմվել են Մատենադարանի ցուցադրության համար նախատեսված հայկական գրչության կենտրոնների քարտեզներ (հեղինակ՝ Արտաշես Մաթևոսյան), որոնք հիմնված են շուրջ  50 000 քարտ պարունակող համապատասխան քարտարանի վրա:

Ինչ վերաբերում է առանձին գրչության կենտրոնների հանգամանալից հետազոտությանը, ապա դրանք առայժմ հատվածական ուսումնասիրության են արժանացել (գրվել են ուսումնասիրություններ մի քանի գրչության կենտրոնների, ինչպես օրինակ՝ Մեծոփավանքի, Անիի, Սևանի վանքի, Սկևռայի մասին, նաև մի շարք հոդվածներ այլ կենտրոնների վերաբերյալ): Այժմ Մատենադարանում ուսումնասիրվում է Արցախի, Նախիջևանի, Վասպուրականի, Հաղբատ-Սանահինի, Կիլիկիայի գրչության կենտրոնների պատմությունը։

Գրչության կենտրոն ընդհանուր հասկացության մեջ անհրաժեշտ է տարբերակել ձեռագրաստեղծման գործի երկու միջավայր՝  գրչության վայր և գրչատուն։ Գրչության վայր կարող է լինել ցանկացած բնակավայր, որևէ գյուղ, ավան, բերդ կամ քաղաք, որտեղ ապրել են գրչի արհեստին տիրապետող մարդիկ (մեծ մասամբ նրանք հոգևորականներ են) և գրչության պատվեր ստանալով` ձեռագիր են ընդօրինակել։ Իսկ գրչատները գործել են գլխավորապես վանքերում և վանքերին կից: Մատյանների ընդօրինակության և գրքի պատրաստման համար անհրաժեշտ հարակից աշխատանքներն այստեղ կատարվել են տարբեր հմտությունների տիրապետող մարդկանց ներգրավմամբ, գրիչներին ու մանրանկարիչներին օգնել են մագաղաթ և թուղթ պատրաստողները, մշակողները, ներկեր, ոսկեդեղ պատրաստողները, կազմարարները և այլք: Վանական գրչատներում գրչության արվեստը փոխանցվել է ուսուցչից աշակերտին, եղել են  նաև որոշակի ավանդույթներ ունեցող գրչության դպրոցներ:

Յուրաքանչյուր գրչության կենտրոնում ստեղծված ձեռագրերի հիշատակարաններն անգնահատելի փաստական նյութ են պարունակում։ Ընդհանրապես հիշատակարաններն աչքի են ընկնում ոչ միայն բազմազանությամբ, այլև արժանահավատությամբ, քանի որ գրիչները ոչ թե միջնորդավորված տեղեկություններ են փոխանցում, այլ հանդես են գալիս որպես իրենց ապրած օրերի ականատես վավերագրողներ:




Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2016-2020 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։