Need any help? Contact Us

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Որմնանկարչությունը հայ արվեստի հնագույն և ինքնատիպ բնագավառներից է, որն անքակտելիորեն կապված է ճարտարապետության հետ, սակայն անհամեմատ վատ է պահպանված և քիչ ուսումնասիրված։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ կերպարվեստի այս տեսակի ստեղծագործություններն առավել զգայուն են արտաքին ազդեցությունների՝ ինչպես բնության և կլիմայական ներգործության, այնպես էլ մարդկային միջամտության նկատմամբ, որոնց հետևանքով ժամանակի ընթացքում մեծապես քայքայվում ու երբեմն իսպառ ոչնչանում են։

Հատկապես նշանակալից է հայկական միջնադարյան որմնանկարչությունը, որի առավել կամ պակաս չափով պահպանված օրինակները կարելի է տեսնել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, պատմական Հայաստանի տարածքում, այնպես էլ հայկական հին և նոր մի շարք գաղթավայրերում։

Հայկական որմնանկարչության թերի ուսումնասիրված լինելու մեկ այլ պատճառ է հանդիսանում տևական ժամանակ տարածում գտած այն տեսակետը, որ Հայոց եկեղեցին իբրև թե դավանաբանական նկատառումներով մերժել է որմնանկարչությունը և հայկական եկեղեցիներում եղած պատկերները պատկանում են դավանական այլ ուղղության՝ քաղկեդոնականությանը (բյուզանդական կամ վրացական եկեղեցուն)։ Այս թյուր պատկերացումը գիտականորեն հերքվել է բավականին ուշ՝ 20-րդ դարի կեսերին, հիմնականում Սիրափի Տեր-Ներսեսյանի (1896-1989) և Լիդիա Դուրնովոյի (1885-1963) աշխատությունների շնորհիվ, որոնք ինչպես աղբյուրագիտական վկայակոչումներով, այնպես էլ բուն որմնանկարչական հուշարձանների ուսումնասիրությամբ ցույց տվեցին, որ դեռևս 5-7-րդ դարերում, անկախ բյուզանդական եկեղեցու հետ եղած դավանաբանական վաճերից, հայկական բազմաթիվ եկեղեցիներ ունեցել են որմնանկարներ (Լմբատավանք, Մրեն, Արուճ, Թալին, Կոշ, Եղվարդ և այլն),  և այդ ավանդույթը շարունակվել է նաև հետագա դարերում (Տաթև, Աղթամար, Հաղբատ, Հոռոմոս, Անիի Ս. Փրկիչ, Դադիվանք, Գեղարդ և այլն)։

13-րդ դարում ի հայտ եկավ նաև հայ քաղկեդոնական որմնանկարչությունը, մասնավորապես քաղկեդոնական դավանանքն ընդունած, Վրաց պետության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հայազգի Զաքարյան իշխաններին պատկանող վանքերում ու եկեղեցիներում (Ախթալա, Քոբայր)։ Հայ քաղկեդոնական որմնանկարչության հուշարձանները սահմանափակվում են 13-րդ դարի շրջանակում, մինչդեռ դրանից հետո ևս հայկական եկեղեցիներում (Հայաստանում և հայկական գաղթավայրերում, մասնավորապես՝ Կիպրոս, Ղրիմ, Նոր Ջուղա, Թիֆլիս, Լվով) շարունակվել է որմնանկարչության ավանդույթը զգալի զարգացում ապրելով 17-րդ դարում (Ս. Էջմիածին, Հին Ջուղայի Ամենափրկիչ, Աստապատ, Ագուլիս,  Վարագավանք, Մուղնու Ս. Գևորգ, Մեղրիի եկեղեցիներ և այլն) ապա շարունակվել ու հասել ընդհուպ մինչև մեր օրերը։


Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2016-2020 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։