Հայկական պատմամշակութային ընդհանուր ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում միջնադարյան ձեռագիր գիրքը: Այն ոչ միայն արժեքավոր է բազմահարուստ բովանդակությամբ (պարունակած պատմական, աստվածաբանական, փիլիսոփայական, գրական և մատենագրական այլազան նյութերով), այլև որպես արվեստի գործ՝ իր գրանյութով, գրչությամբ, մանրանկարչությամբ, խազագրությամբ (միջնադարյան նոտագրություն), նաև որպես ճշգրիտ վավերագիր՝ գրչության տեղի, ձեռագիրը ստեղծող անձանց, գրության թվականի և տվյալ ժամանակի բազմապիսի իրադարձությունների մասին պատմող հիշատակարաններով Այս տեսակետից ամեն մի ձեռագիր միանգամայն ուրույն մշակութային հուշարձան է:
Դարերի բազում և տարաբնույթ փորձությունների բովով մեր օրերն է հասել հայերեն շուրջ 30 000 ձեռագիր: Հայերեն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն՝ շուրջ 13 000 ամբողջական մատյան և 2000-ից ավելի պատառիկ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում: Շուրջ 4 000 մատյան է պահվում Վենետիկի Մխիթարյան միաբանության մոտ, և նույնքան էլ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում (Սրբոց Հակոբյանց վանք), մոտավորապես 2000 մատյան գտնվում է Վիեննայում (Մխիթարյնաների գրադարան), 1000-ից ավելի ձեռագիր՝ Ս. Էջմիածնում, և նույնքան՝ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում (Իրան)։ Հայերեն ձեռագրերի հարուստ հավաքածուներ ունեն նաև աշխարհի մի շարք նշանավոր թանգարաններ ու գրադարաններ (Փարիզ, Լոնդոն, Վաշինգտոն, Սանկտ Պետերբուգ և այլն)։
1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի տարածքում ոչնչացվել է 10 000-ից ավելի ձեռագիր։
Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։