ԱՆՏԻԿ ՇՐՋԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԽՃԱՆԿԱՐ ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Հայաստանում ուշ անտիկ շրջանում ծանոթ էին հունահռոմեական աշխարհում լայն տարածում ստացած կոմունալ տեխնիկայի նվաճումներից մեկին՝ բաղնիքների շինարարությանը, որոնք տարածում էին ստացել նաև Հայաստանում: Մինչև այժմ հայտնի էր Գառնիի թագավորական բաղնիքն իր խճանկարազարդ հատակով։ Հայ Արտաշեսյան թագավորների Արտաշատ մայրաքաղաքում 2003 թվականից սկսած պեղումները (ղեկավար՝ Ժորես Խաչատրյան) վերջերս պսակվեցին մի նոր հասարակական բաղնիքի հայտնաբերմամբ, որի հատակը նույնպես զարդարված է խճանկարով։ Նախնական շինությունը բաղկացած է եղել իննը և ավելի մեծ ու փոքր սենյակներից։ Խճանկարից հատվածներ են պահպանվել IV և VIII սենյակների հարավային մասերում: Դրանք պատրաստված են 0,7-1,2 սմ տրամագծով ֆիլզիտ քարի խճի հատիկներով։
Երկրաչափական զարդապատկերային հորինվածքով այս աշխատանքներում պատկերված են շեղանկյուններ և ուղղանկյուն եռանկյունիներ: Ժ. Խաչատրյանը նշում է, որ նման երկրաչափական զարդերով խճանկար բացվել է Կիլիկիայի Անեմուրիում (Eski Anamur) քաղաքի մեծ բաղնիքում (Ժ. Խաչատրյան, Արտաշատի «Երազամոյն» վայրի տաճարը և կից համալիրները, «Պատմաբանասիրական հանդես», 2009, N1, էջ 125, տե՛ս նաև Հայկ Գյուլամիրյանի հոդվածը «Արքաների Քաղաքամայրը. Արտաշատ» 7 Հունիս 2015, http://arvestagir.am կայքում)։
Համար VIII սենյակի խճանկարը բավականին լավ է պահպանվել և թույլ է տալիս պատկերացում կազմելու ընդհանուր հորինվածքի մասին: Զարդապատկերներով կոմպոզիցիայի վերակազմությունը, երկրաչափական և հյուսածո օրնամենտները հիշեցնում են գորգային հարուստ զարդեր: Բազմագույն գեղեցիկ պատկերը, համաչափ դասավորված մանրամասներով, շքեղ տպավորություն է թողնում:
Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։