Այս տարի լրանում է միջազգային ասպարեզում լայն ճանաչում ունեցող հայ բյուզանդագետ և արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանի (1896-1989) ծննդյան 120 ամյակը։ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի քրոջ դուստրն էր Սիրարփի Տեր-Ներսեսյանը, որն իր ողջ կյանքը նվիրեց գիտությանը։ Հիմնականում ապրել և աշխատել է Փարիզում, դասավանդել է Ֆրանսիայի և Ամերիկայի մի շարք նշանավոր համալսարաններում (այդ թվում՝ 1946—1962 թթ. Հարվարդում), հանդիսացել է մի քանի նշանավոր ակադեմիաների անդամ, հեղինակ է շուրջ 140 մենագրության և հոդվածների՝ ֆրանսերենով, անգլերենով և հայերենով:
Հայաստանում այս տարի նշվելու է վաստակաշատ գիտնականի հոբելյանը։ Կարծում ենք, որ այս առիթով տեղին կլինի Սիրարփի Տեր-Ներսեսյանի գլխավոր աշխատություններից՝ ֆրանսերենով ու անգլերենով լույս տեսած մեծադիր «Հայ արվեստը», կամ ֆրանսերենով հրատարակված Կիլիկիայի հայկական մանրանկարչությանը նվիրված կոթողային ուսումնասիրությունը թարգմանել հայերեն։ Այդ հրատարակությունները մեծապես կհարստացնեն արվեստի մասին հայալեզու գրականությունը և դասագիրք կդառնան հայ արվեստաբանների նոր սերունդների համար։
Մեր կայքը պարտավորվում է այս տարի հայերեն թարգմանել ու ներկայացնել Սիրարփի Տեր-Ներսեսյանի հոդվածներից մեկը։
Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։