ԱՎԱՆԻ ԵՐԿԼԵԶՎՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱԾԿԱԳԻՐԸ
Հայերեն վիմագրերում և ձեռագրերում երբեմն կարելի է հանդիպել տարբեր գաղտնագրերի, որոնք, որպես կանոն, փոքր ծավալի հիշատակումներ են. հիմնականում պարունակում են ծածկագիր անուններ, թվականներ, որոնք անմիջաբար կապվում են տվյալ հուշարձանի պատմությանը՝ գրչի, պատվիրատուի, փորագրողի անուններ են, գրչության թվական և այլն:
Գաղտնագրման եղանակների տեսակներով էլ հայ ծածկագրության մեջ դասակարգվել են ծածկագրերը, որոնց առավել մանրամասն և համակարգային անդրադարձել է Աշոտ Աբրահամյանն իր «Հայ գրի և գրչության պատմություն», «Հայոց գիր և գրչություն», «Հայկական ծածկագրություն» աշխատություններում: Հայտնի են սյունագիր կամ սյունակետագիր, եղբայրագիր, փոխարինագիր և այլ ծածկագրեր, որոնց զգալի մասը ժամանակի ընթացքում վերծանվել և ընթերցվել է մասնագետների կողմից:
Թե երբ և ինչպես է ի հայտ եկել ծածկագիրը կամ որն է հայկական ծածկագրի առաջին տեսակը, ստույգ նշել հնարավոր չէ, սակայն պարզ է, որ արդեն VII դ. այն կիրառվել է, քանի որ այդ շրջանից մեզ է հասել մի հետաքրքիր ծածկագիր վկայություն:
XX դ. առաջին կեսին Երևանի հին թաղամասերից մեկի՝ Ավանի կաթողիկե եկեղեցու տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել
են հնագիտական մի շարք արժեքավոր իրեր, որոնց թվում՝ մի ծածկագիր արձանագրություն, որի վրա եղել են հայերենով և հունարենով գրություններ: Այդ արձանագրության մասին 1945 թ. հայտնի վիմագրագետ, հնագետ Կ. Ղաֆադարյանը հրատարակել է «Ավանի երկլեզվյան ծածկագիր արձանագրությունը» վերնագրով մի հոդված, որում մանրամասն քննել է ինչպես բուն ծածկագրի, այնպես էլ դրա փորագրողի հարցը:
Հետաքրքիր համարելով այս նյութը՝ որոշեցինք առավել մատչելի կերպով այն ներկայացնել ընթերցողներին:
Հայտնի է, որ Հայաստանում քաղկեդոնական դավանանքի տարածման նպատակով Բյուզանդական կայսրերը բավական լուրջ ջանքեր են ներդրել: VI դարավերջին Բյուզանդական Մորիկ կայսեր անմիջական ջանքերով հակաթոռ կաթողիկոս է կարգվել Հովհան Բագարանցին (591-601 թթ.), որի նստավայրը Ավանի նորաշեն կաթողիկե (Ծիրանավոր) եկեղեցին էր (այն այսօր գտնվում է կիսավեր վիճակում, ամբողջությամբ բացակայում է ծածկը, փլված է արևելյան պատի մեծ մասը): Եկեղեցու տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերվել է Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու (630-641) անունը կրող մի արձանագրություն (այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում), որը եղել է արևելյան պատին: Արձանագրության մեջ կարդացվում է՝
1. ՏՐ ԵԶՐ ՉՌԼԿԶ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՃՇՄԱ-
2. ՐԻՏ ΔΩΛΟΣ ΤΩ ΘΕΩ ՍԱՄԷՂ ՇՌԱՌԼՔ
Վիմագիրը հայտնի է երկլեզվյան անունով, քանի որ երկրորդ տողում առկա է հունարեն գիր, որ թարգմանվում է «ծառայ Աստուծոյ»: Արձանագրության առաջին տողի ՏՐ պատվի նշանով համառոտագրությունը, ձայնավորի վերականգնմամբ կարդացվում է «Տէր», իսկ երկրորդ տողի վերջում դարձյալ պատվի նշանով համառոտված Ք-ն պետք է կարդալ «Քրիստոս»: Հայտնի է, որ Քրիստոս անվան համառոտումը ՔՍ-ն է՝ Ք(ՐԻՍՏՈ)Ս, սակայն վիմագրի վնասվածության պատճառով երկրորդ տառը չի երևում (տվյալ դեպքում՝ Ի, որով բառը կկարդացվի Ք(ՐԻՍՏՈՍ)Ի):
Արձանագրության առաջին և երկրորդ տողերում առկա են առաջին հայացքից հայերենին ոչ հատուկ բաղաձայն հնչյունների կուտակումներ՝ ՉՌԿԼԶ և ՇՌԱՌԼ, որոնք իրականում իրենցից ներկայացնում են փոխարինագիր ծածկագրեր: Դրանց բանալին հայոց այբուբենի թվային դասակարգումն է, այլ կերպ ասած՝ միավորի դիմաց՝ հազարավոր, հազարավորի դիմաց միավոր, տասնավորի դիմաց հարյուրավոր, հարյուրավորի դիմաց՝ տասնավոր (տե՛ս հայոց այբուբենի մեր կազմած աղյուսակը): Ըստ այդմ` ՉՌԼԿԶ - ն պետք է բացել՝ Չ = Հ, Ռ = Ա, Լ = Յ, Կ = Ո, Զ = Ց, իսկ ՇՌԱՌԼ - ն՝ Շ = Ծ, Ռ = Ա, Ա = Ռ, Ռ = Ա, Լ = Յ:
Արձանագրության մեջ հանդիպող Սամէղ բառն էլ անձնանուն է՝ Սամուէլ անվան հնչյունական տարբերակ, որ հաճախադեպ է ձեռագրերում: Հավանաբար հենց այս Սամէղն էլ արձանագրության գրողն է:
Արձանագրությունը կարելի է այսպիսով կարդալ՝
«ՏԷՐ ԵԶՐ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՃՇՄԱՐԻՏ ԾԱՌԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ:
ՍԱՄԷՂ ԾԱՌԱՅ ՔՐԻՍՏՈՍԻ»:
Նյութը պատրաստեց Խաչիկ Հարությունյանը