Need any help? Contact Us

Հայ արվեստի պատմությանը նվիրված հրատարակություններում անհնար է

տեղեկություն գտնել Կիպրոսի Ֆամագուստա քաղաքում

եղած հայկական որմնանկարների մասին

(չնայած կան օտարալեզու հրապարակումներ)։

Շնորհակալություն ենք հայտնում Գոհար Գրիգորյանին

այս նյութը armenianart.org  կայքին ուղարկելու համար։


ՖԱՄԱԳՈՒՍՏԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ


Ֆամագուստայի (այժմ Կիպրոսի թուրքական մասում) Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին գտնվում է միջնադարյան պարսպապատ քաղաքի հյուսիս-արևմտյան մասում՝ այսպես կոչված Սիրիական թաղամասում։ Ամենայն հավանականությամբ այն կառուցվել է Կիլիկիայի հայկական թագավորությունից Կիպրոս տեղափոխված հայերի կողմից, որոնք 13-րդ դարի վերջին և հատկապես 14-րդ դարում մեծ թիվ էին կազմում  այս կղզում։ Առևտրական սերտ կապերը Այաս և Ֆամագուստա նավահանգստային քաղաքների միջև նպաստեցին Ֆամագուստայում բարեկեցիկ հայկական համայնքի ձևավորմանը, որը բազմամշակույթ քաղաքի այլ ազգային և կրոնական համայնքների պես ունեցել է իր սեփական եկեղեցին։

Հայկական եկեղեցին, որ ուսումնասիրողների կողմից հաճախ անվանվել է «փոքր, էլեգանտ» կառույց, արտաքինից ամրոց հիշեցնող կիսակլոր աբսիդով միանավ եկեղեցի է։ Նրա ներքին երեք պատերը և աբսիդն ամբողջությամբ պատված են եղել որմնանկարներով, որոնք երկար տասնամյակներ փակված լինելուց հետո վերականգնվել են վերջին տարիներին։ Խորանի գմբեթարդի (վերին հատված) որմնանկարները մեծամասամբ ջնջված են՝ բացառությամբ մի կանացի կերպարի, որի բարձրաշխարհիկ հագուստից և պատկերագրությունից դատելով՝ կարելի է ենթադրել, որ նա եկեղեցու (կամ որմնանկարների) պատվիրատուներից մեկն է։ Վերջինս պատկերված է ծնկաչոք դիրքով մի սուրբի առջև, որ հավանաբար Տիրամայրն է, որին նվիրված է եկեղեցին։ Թեև եկեղեցու այդ հատվածում պատվիրատուի պատկերումը հատուկ չէ հայ արվեստին, սակայն նման լուծումը բնորոշ էր Ֆամագուստայի բազմաոճ և բազմատարր մշակույթին։

Հյուսիսային պատին Քրիստոսի կյանքին առնչվող տեսարաններ են՝ պատկերված պատիվերին և ստորին հատվածներում, որոնք շատ աղոտ են պահպանված։ Շարքն սկսվում է ներքևի հատվածից Ծննդի, Մկրտության և Ավետման որմնանկարներով և շարունակվում վերևում հետևյալ պատկերներով՝ Մտրակման (flagellation), Խաչի ճանապարհ, Խաչելություն, Խաչից իջեցումը և Քրիստոսի թաղումը։ Հյուսիսային պատի կամարակապ որմնախորշը, որը ծառայել է որպես ընծայարան, վերևում զարդարված է Akra Tapeinosis-ի շրջանակված տեսարանով։

Արևմտյան պատի ձախ մասում պատկերված է զինվորական ձիավոր մի սուրբ, որ ամենայն հավանականությամբ Սուրբ Թեոդորոսն է (Սբ. Թորոս)։ Այդ մասին է վկայում նաեւ կից մակագրությունը, որից այսօր ընթեռնելի են միայն առաջին՝ «ԹՈ» տառերը։ Նույն պատին՝ հիմնական մուտքից աջ, պատկերված են երկու կին սրբեր, որոնցից մեկը Սուրբ Հեղինե թագուհին է, մյուսը՝ Սուրբ Պարասկևին (Սուրբ Ուրբաթ)։ Վերջինիս պատկերի մոտ երևում է հայերեն մակագրությունը՝ «ՍՈՒՐԲ [ՈՒՐ]ԲԱԹ»:

Հարավային պատին առկա է Սուրբ Հովհաննես-Մկրտչի կանգնած պատկերը՝ շրջապատված տասնվեց փոքր տեսարաններով ևշրջանակով, որը զարդարված է բուսական մոտիվներով ու զինանշանով։ Այս պատին պատկերված է նաև Տիրամոր նինջը ներկայացնող տեսարանը։ Համաձայն ֆրանսիացի հնագետ Կամիլ Էնլարի 19րդ դարի վերջում կատարած նկարագրության՝ եկեղեցու հարավային պատի որմնանկարների շարքում եղել է նաև Քրիստոս Ամենակալին (Պանտոկրատոր) պատկերող տեսարան, որից միայն մի չնչին հատված է պահպանվել։


Գոհար Գրիգորյան

08.06.2016, Ֆրիբուրգ


Լուսանկարները՝ Թոմաս Կաֆենբերգերի (Thomas Kaffenberger), Միքելե Բաչչիի (Michele Bacci), Գոհար Գրիգորյանի

Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2016-2020 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։