Need any help? Contact Us

ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Աղբյուրագիտության (նաև՝ հնագիտության) կարևոր ճյուղերից է վիմագրությունը, որն իբրև ինքնուրույն գիտություն սկսել է ուսումնասիրվել ակադեմիկոսներ Ն. Մառի և Հ. Օրբելու մշակած մեթոդների հիման վրա: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող վիմագրության բաժինը անցած տասնամյակներին հրատարակել է Հայաստանի տարբեր շրջանների արձանագրություններն ընդգրկող «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 9 հատոր (մեծ մասի կազմողը անվանի գիտնական Սեդրակ Բարխուդարանն է):

Վերջին տարիներին վիմագրության բնագավառում իր ուսումնասիրություններով աչքի է ընկել բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը, որը 2016 թ. ընթերցողի սեղանին դրեց Վաղարշապատ-Էջմիածնի վիմագրական ժառանգությանը նվիրված մենագրությունը:

Այս աշխատության մեջ առաջին անգամ մեկտեղվեցին Վաղարշապատի ավելի քան 700 արձանագրությունները, որոնցից 520-ը առաջին անգամ դրվեց գիտական շրջանառության մեջ: Գրքում կարևոր տեղ է հատկացվել Վաղարշապատի հարուստ պատմության՝ հատկապես վիմագրերի միջոցով լուսաբանվող էջերին:

Արսեն Հարությունյանի հաջորդ ուսումնասիրությունը հրատարակվեց այս տարի: Այն նվիրված է մեր մյուս նշանավոր սրբավայրերից Խոր Վիրապի վանքի պատմությանը, ձեռագրական ու վիմագրական ժառանգության համահավաք նկարագրին: Այստեղ ևս մեկտեղվել են վանքի պատմական ու աղբյուրագիտական տվյալները, որոնք լրացվել են նոր տեղեկություններով, աղյուսակներով ու անվանացանկերով: Գիրքն ունի հարուստ լուսանկարների բաժին, ուր տեղ են գտել նաև Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանաց տեսարանները հայ մանրանկարչության մեջ:

Խոր Վիրապի գրչության դպրոցը ներկայացված է տեղի, և ոչ հեռու գտնվող Ակոռի բնակավայրի երբեմնի նշանավոր գրչության կենտրոնի ձեռագրերով, ընդգրկելով երկու կենտրոններից մեզ հասած 18 ձեռագրի նկարագրություններն ու ժամանակագրական աղյուսակը:

Վիմագրական ժառանգության հարցում պատկերն ավելի քան խոսուն է. վերծանված շուրջ 70 վիմագրից նախկինում հրատարակվել էր 16-ը, ուստի ոչ միայն փորձ է արվել լրացնել պակասը, այլև բոլոր վիմագրերը ներկայացված են վիմագրագիտության բնագավառում հրատարակությունների համար ներկայումս ընդունելի չափանիշներով (գրչանկարներով և լուսանկարներով):

Այժմ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ Գագիկ Սարգսյանի և Արսեն Հարությունյանի աշխատասիրությամբ տպագրության է պատրաստվել դեռևս Սեդրակ Բարխուդարյանի կազմած, սակայն անտիպ մնացած «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի ՀՀ Շիրակի մարզի վիմագրերի պրակը: Չնայած հատորում ընդգրված վիմագրերի քանակը շատ մեծ չէ (190 միավոր), այդուհանդերձ աղբյուրագիտական հույժ կարևորություն ունեցող բազմաթիվ վիմագրեր հրատարակվելու են առաջին անգամ: Դրանք հիմնականում Մարմաշենի, Հառիճավանքի, Լմբատավանքի, Պեմզաշենի և այլ հուշարձանների՝ հատկապես զարգացած միջնադարին վերաբերող արժեքավոր վիմագրերն են:  


Լրատվությունը «Հայ արվեստ» կայքի

Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2016-2020 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։