Need any help? Contact Us

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - 1

(2016 թ. պեղումների որոշ արդյունքներ)







Նոր Գեղի 1 հնավայրը  հրաբխային լավայի երկու հոսքերի մեջ պարփակված բացառիկ հուշարձան է (նկ. 1, 2): Այս հոսքերից վերինը թվագրվում է 200 հազար, իսկ ստորինը` 400 հազար տարվա վաղեմությամբ: Դրանց միջև հայտնաբերված հնահողի նստվածքները պարունակում են հնագիտական մնացորդներ` քարե առարկաներ։ Նստվածքներում հայտնաբերված հրաբխային մոխրի, ինչպես նաև բուն նստվածքների թվագրումը հնարավորություն է տալիս քարե առարկաները համարել 325-335 հազար տարվա վաղեմության: Այս շերտում գտնվել են ստորին պալեոլիթին բնորոշ բիֆացիալ (bifasial) կամ երկկողմանի հարդարման եղանակով պատրաստված գործիքներ, ինչպես նաև առարկաներ, որոնք պատրաստվել են քարի ճեղքման կամ բեկոտման` այսպես կոչված լևալլուազյան (Levallois) տեխնիկայով (նկ. 3):

Հնագիտության մեջ նշված տեխնիկայի զարգացումը և բիֆացիալ տեխնիկային փոխարինելը դիտարկվում է որպես ստորինից միջին պալեոլիթին անցման ժամանակաշրջան, որը տեղի է ունեցել մեզանից մոտ 300 հազար տարի առաջ: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, որ լևալլուազյան հնարը ի հայտ է եկել կամ ստեղծվել է Աֆրիկայում, այնուհետև, մարդկանց նոր խմբերի հետ Եվրասիայում  տարածվելով, դուրս մղել քարե հումքի մշակման բիֆացիալ տեխնոլոգիան: Այս տեսությունը ուղղակի կապ է տեսնում նոր բնակչության կամ նոր տեսակի մարդկանց և քարի գործիքների նոր տեսակների երևան գալու միջև, այսինքն՝ տեխնոլոգիական փոփոխությունները պայմանավորում է դեմոգրաֆիկ փոփոխություններով: Նոր Գեղիի կայանում վերը նշված երկու տեխնոլոգիաների համաժամանակյա կիրառության փաստագրումը ցույց է տալիս, որ այստեղի բնակչությունը լևալլուազյան հնարը զարգացրել է քարի մշակման տեղական` բիֆացիալ հնարի հենքի վրա: Նոր Գեղիում բացված նյութերի շնորհիվ կատարված դիտարկումներն ու փաստագրումները հստակություն են մտցնում  քարի մշակման նոր հնարների` տեղում ձևավորվելու հարցերում, ինչը նոր խոսք է Եվրասիայի պալեոլիթի ուսումնասիրության գործում:

 

Աղիտու-3 քարայր (նկ. 4 Այստեղ հայտնաբերվել են վերին պալեոլիթի միջին և վաղ փուլերի (33-20 հազար տարվա վաղեմության) սեզոնային կայանին վերաբերող մշակութային շերտեր: Քարայրի շերտերի վերին մասը պարունակում է մ.թ.ա. 8-7-րդ դդ. նյութական մշակույթի մնացորդներ և դամբարաններ: Պեղումների շնորհիվ նոր տվյալներ են փաստագրվել բանական մարդու կողմից Հայկական լեռնաշխարհի բնակեցման սկզբնափուլերի վերաբերյալ:


Ակնաշեն. Արաքսից հյուսիս ընկած տարածքներում ուսումնասիրվող նեոլիթյան հնավայրերի շարքում առանձնանում է Ակնաշենի բլուր բնակավայրը, որտեղ բացվել են մ.թ.ա. VI-V հազարամյակի նոր քարի դարի և պղնձի-քարի դարի բնակատեղիի մշակութային շերտեր: Ստորին հորիզոններում բացված շերտերը պատկերացում են տալիս ՀՀ տարածքում բացված ամենահին բնակատեղիի կա­ռուցա­պատման­ առանձնա­հատ­կությունների, վաղ երկրագործական հա­սարա­կութ­յան  տնտեսական և հասարա­կական կենցաղի վերաբերյալ (նկ. 5, 6):


Ծաղկալանջի դամբարանադաշտ. Ծաղկալանջի դամբարանադաշտում պեղվել են վաղ և ուշ բրոնզի դարաշրջանների դամբարաններ (նկ 7, 8, 9): Հնավայրում բացվել են վաղ բրոնզեդարյան ամրոց-բնակատեղիներ ու վաղ, միջին և ուշ բրոնզի դարերի ընդարձակ դամբարանադաշտ: Պեղված դամբարանային համալիրներն զգալիորեն թարմացրել են հնագույն Հայաստանի մ.թ.ա. IV-II հազարամյակների մշակույթի ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը:




Նյութերի տրամադրման համար կայքը

շնորհակալություն է հայտնում

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին



»»» Մաս II »»»


Նկ. 1


Նկ. 2

Նկ. 3


Նկ. 9


Նկ. 4

Նկ. 5

Նկ. 6

Նկ. 7

Նկ. 8

Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2016-2020 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։